ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր` ԱՄՆ կատարած այցից շատ գոհ է. հնարավոր է՝ առաջիկայում ՀՀ այցելեն ամերիկացի գործարարներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 21–ին Փաշինյանը մեկնել է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։
«Տեղի գործարարները հետաքրքրված էին Հայաստանով։ Տնտեսության ոլորտում վարչապետի գնահատականներն ու մոտեցումները հետաքրքրություն են առաջացրել գործարարների մոտ։ Ուստի, առաջիկայում հնարավոր է ամերիկացի գործարարներն այցելեն Հայաստան»,–ասաց նա։
«Այսօրվա Հայաստանում չեք հանդիպի հին խոչընդոտներին». վարչապետը` գործարարներին
Հարցին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վարչապետը մտքեր փոխանակե՞լ է ինչ–ինչ հարցերի շուրջ` Կարապետյանը պատասխանեց, որ Թրամփի հետ հանդիպումը կարճ է տևել։ «Նրանք լուսանկարվել են ու կարող է` մեկ–երկու նախադասությամբ էլ մտքեր են փոխանակել»,–ասաց նա։
Կարապետյանը նշեց նաև, որ Փաշինյանի` ԱՄՆ այցի առնչությամբ երկու կարևոր բաղկացուցիչ կար` Լոս Անջելես և Նյու Յորք այցելությունները։ Նա հայտնեց, որ Լոս Անջելեսում շատ էմոնցիոնալ և բարյացակամ մթնոլորտում բանակցություններ, հանդիպումներ են եղել Կալիֆոռնիայի սենատորների, փոխնահանգապետի, Լոս Անջելեսի քաղաքապետի հետ։
Կարապետյանը հիշեցրեց, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսմն ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրել էին Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության Շրջանակային համաձայնագիր։ Փաշինյանի խոսնակը նշեց նաև, որ Լոս Անջելեսում վարչապետի հանդիպումները եզրափակող հանրահավաքը բավականին տպավորիչ է եղել, և դրան մասնակցել են նաև ԱՄՆ–ի համապատասխան պաշտոնյաները` ելույթներով ու ողջույնի խոսքերով։
Անդրադառնալով նյույորքյան այցելություններին` Կարապետյանը նշեց, որ այնտեղ էլ վարչապետը մասնակցեց ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նիստին ու ելույթով հանդես եկավ։ Բացի այդ, եղան նաև երկկողմ հանդիպումներ։
«Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ այցի ժամանակ ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր, որոնք փայլուն հնարավորություն են ԱՄՆ–ի հետ համագործակցության զարգացման համար»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:
ԱՄՆ այցի շրջանակներում Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: