ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. 1988թ–ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի բնակապահովման պարտավորություն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց վարչապետ Փաշինյանը։
«Մենք քաղաքական խնդիր էինք դրել` հնարավորինս արագ լուծել մեր հայրենակիցների բնակապահովման հարցը, և 2020թ–ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացրել ենք»,– ասաց Փաշինյանը։
Հաջորդ տարի այդ նպատակով ևս 3 մլրդ դրամ կհատկացվի։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ գրավոր հարցման արդյունքում պարզել են, որ 453 անօթևան ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր ստանալու տարբերակը, 8-ը` ինչ–ինչ պատճառներով հարցմանը չի մասնակցել, մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։
Այս հարցումների արդյունքների հիման վրա քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1 291 572 000 դրամի ԲԳՎ-ներ։
Օգնությո՞ւն, թե՞ գլխացավանք․ Շիրակի մարզի անօթևանները չեն կարողանում բնակարան գնել
Ընդ որում, Ղուլարյանի խոսքով` այդ գումարից 535 587 000–ը կհատկացվի Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 90 ընտանիքի, 674 782 000–ը` Լոռու` 121, 81 053 000–ը՝ Արագածոտնի` 16 ընտանիքների։
Կառավարությունը հաստատեց որոշումը, բայց Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` բնակարան գնելուց ու տեղափոխվելուց հետո պայման դրվա՞ծ է ժամանակավոր տնակները վերացնելու։
Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
«Գումարը տրամադրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու և տնակը քանդելու դեպքում»,– նշեց Ղուլարյանը։
Վարչապետը կարևորեց պայմանագրի այդ կետը` նշելով, որ Գյումրիում բնակարան ստացողները չեն հրաժարվում տնակներից ու հաճախ այն վարձով են տալիս։
Ինչպես կլուծվի բնակարանային հարցը աղետի գոտում. Վերմիշյանը նոր թվեր է ներկայացրել
«Մենք դեմ չենք, որ մարդիկ հավելյալ եկամուտ ունենան, բայց այդ երևույթը Գյումրիի զարգացմանը շատ կոնկրետ խոչընդոտող գործոն է»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը չբացառեց, որ հնարավոր է դրանցում լինեն ընտանիքներ, որոնց նկատմամբ պետությունը բնակապահովման պարտավորություն ունի, բայց այդ ընտանիքներն ինչ–որ պատճառով դուրս են մնացել հաշվառումից։ Հակառակ դեպքում պետք է հստակեցվի, թե ինչպես Գյումրին ազատել քաղաքի տեսքը խաթարող տնակներից։
Հիշեցնենք` Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թվականի տարեվերջի դրությամբ` 5396 անօթևան ընտանիքներից 4839–ի բնակարանային խնդիրը լուծվել է, որի համար ծախսվել է 65 մլրդ դրամ։
2018 թ-ի պետական բյուջեից հատկացված 458 մլն դրամի հաշվին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիրը. նախատեսվում է մինչև դեկտեմբերի 1-ը ավարտին հասցնել նրանց կիսակառույց բնակելի տների շինարարությունը:
Իսկ 2019 թվականի պետական բյուջեից հատկացված 560 մլն դրամով կլուծվի ևս 61 ընտանիքի բնակարանային խնդիր, որոնցից 24-ը՝ կիսակառույցների ավարտման, 22-ը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ը՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով:
Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը կառավարությունը խոստացել է լուծել մինչև 2020թ–ի ավարտը։