ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանալու: Այս մասին այսօր` մարտի 26-ին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
Դատական նիստը նախատեսված էր այսօր՝ ժամը 15։30-ին։
Հիշեցնենք, որ Մակինյանը մարտի 24-ին Facebook-ի իր էջում հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով։
Փաստաբանը նշել էր, որ դատարանին դիմելու պատճառը համաճարակային իրավիճակն է։
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։
ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: