ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, հայտնել է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
«Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղղված պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին»- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, Հայաստանը կմասնակցի ամբողջական կազմով, սակայն նախորդ տարիների համեմատ որոշ փոփոխություններ կլինեն: Մասնավորապես՝ առաջին անգամ աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը 66 կգ քաշային կարգում կներկայացնի Միհրան Հարությունյանը:
Եվրոպայի առաջնությունում իրենց նորամուտը կնշեն նաև երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:
Բացի նշվածներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85կգ), աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):