ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: Այս մասին նա ասել է այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ- Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։
«Ուրախ եմ, որ վերջին շրջանում փոխգործակցությունն առևտրատնտեսական կապերի ուղղությամբ ընդլայնվում է, սակայն առկա է մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է հետևողական քայլեր անենք»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ ԵԱՏՄ–ն ևս այդ ուղղությամբ մեծ հնարավորություններ է տալիս, որոնք պետք է օգտագործել:
Ղազախստանի նախագահն էլ իր հերթին նշել է, որ հայ ժողովրդի աչքերում տեսնում է կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն: Նրա խոսքով` Երևանն իր տեսած քաղաքներից ամենագեղեցիկներից մեկն է:
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ Ժոմարտ- Տոկաևը քննարկել են էներգակիրների, գյուղատնտեսության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և հնարավորություններին վերաբերող հարցեր: Կողմերը փոխադարձ արտահանման և ներմուծման ծավալներն ավելացնելու առումով անդրադարձել են տրանսպորտային ենթակառուցվածքներին և առկա խնդիրների հաղթահարման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը Կասիմ Ժոմարտ- Տոկաևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
Պետք է աշխատենք տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: