ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Գործող 7-րդ գումարման խորհրդարանն իր գործունեության 1 տարվա ընթացքում ընդունել է 367 օրենքի ու որոշման նախագիծ։ Դրանցից 30–ի հեղինակն ընդդիմադիր պատգամավորներն են։ Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«6-րդ գումարման ԱԺ–ն, որը գործել է 2017-18 թթ–ին, ընդունել է 726 օրենքի ու որոշման նախագիծ, դրանցից 9–ը հեղինակել է ընդդիմությունը»,– ասաց Մակունցը` հավելելով, որ գործող ԱԺ–ն առաջին օրենքի նախագիծը, որ քննարկել ու ընդունել է, եղել է ընդդիմության ներկայացրածը։
Այս հայտարարությամբ «Իմ քայլի» խորհրդարանական ղեկավարը, ըստ էության, արձագանքեց ընդդիմության վերջին շրջանում բարձրաձայնած այն մեղադրանքներին, թե իրենց ներկայացրած նախագծերը, անկախ բովանդակությունից, ԱԺ–ն մերժում է։
«Խորհրդարանի աշխատանքները եղել են արդյունավետ` պայմանավորված նաև ընդդիմության ակտիվությամբ։ Մեզ համար և ընդհանրապես ժողովրդավարական պետության համար խորհրդարանական ընդդիմության համար չափազանց կարևոր է նաև ընդդիմության դերը։ Այո, ընդդիմության ակտիվությունը համարում ենք մեզ համար կարևոր ցուցանիշ»,– ասաց Մակունցը։
ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 10 ամսում 14 անգամ մեծ պարգևավճար են ստացել. «Հրապարակ»
Ամենաթեժ ու ամենամանրամասն քննարկումները, նրա խոսքով, տեղի են ունեցել հանձնաժողովներում, իսկ արդեն ԱԺ լիագումար նիստերի մի մասն անցել են կառուցողական, մյուս մասը` թեժ մթնոլորտում։
Խոսելով թեժ քննարկումները երբեմն անձնական տիրույթ տեղափոխելու երևույթի մասին` Մակունցը շեշտեց, որ նման դեպքերում իրենք եղել են պատասխանողի դերում, իսկ անձնական վիրավորանքները իրենց են ուղղված եղել։
Այդուհանդերձ, Մակունցը շեշտեց, որ ամեն ինչ պետք է անել անձնական վիրավորանքներից ու խտրական խոսքից զերծ մնալու համար։
Երեկոյան հավաք «Իմ քայլում». ի՞նչ են քննարկել պատգամավորները 3 ժամում. «Ժողովուրդ»