ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացումն ու ՀՀ ԶՈւ–ին ժամանակակից սպառազինությամբ զինելը Հայաստանի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ անվտանգության ամրապնդման կարևորագույն ուղղություններից մեկն է։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
2019 թվականին Հայաստանը Ռուսաստանից ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի մեծ քանակ է ստացել, մասնավորապես` ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրներ և ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ։
Սիդորովի կարծիքով` Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ կովկասյան ուղղության ամրապնդման առանցքային բաղադրիչներից է։
«Ամրապնդման գործոններից մեկն էլ այն է, որ Հավաքական ուժերի զորքն ուժեղացվում է անմիջապես հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Մենք այս տարի մի շարք օպերատիվ միջոցառումներ ենք նախատեսել, որոնք կանցկացվեն հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում», – ասաց գեներալը։
Սիդորովը վստահեցրեց, որ ՀԱՊԿ–ի անդամ ցանկացած պետության ուժեղացումը բխում է բուն կառույցի շահերից։
«Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում և ռազմավարության մեջ, որն ընդունել են պետության ղեկավարները, նշված է, որ ամեն դեպքում ՀԱՊԿ ներուժի բարձրացման հիմնական աղբյուրը ազգային կոնտինգենտների, ազգային խմբավորումների ուժեղացումն է», – ասաց շտաբի պետը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ–ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։
Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի