ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի-Sputnik. Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ` Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին։ Եթե դա այդպես է, ուրեմն խոսքը տարածքների վերադարձի մասին է։
«Այստեղ շատ կարևոր է արձանագրել հետևյալը` մինչև տարածքային հարցերն առաջ քաշելը Ադրբեջանը պարտավոր է առնվազն վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որովհետև ճանաչելով` նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր»,-ասաց Շավարշ Քոչարյանը։
Ըստ Նրա` Ադրբեջանի համար սա է բաղձալի երազանքի ամենակարճ ճանապարհը։ Լրագրողների այն հարցին, թե որոնք են Ադրբեջանի համար այդ բաղձալի տարածքները, Քոչարյանը պատասխանեց.
«Դա Մարտունու շրջանն է և Մարտակերտի որոշ հատվածները։ Ինչ ենք մենք հանձնելու, դա կարող է մտահոգել միայն Ադրբեջանին։ Ինձ չի մտահոգում»,-ասաց նա։
ՀՀ փոխարտգործնախարարն ավելացրեց, որ առ այսօր Ադրբեջանն օգտագործել է ամբողջ բանակցային գործընթացը այդ ընթացքում ապատեղեկատվությունը տարածելու, սպառազինվելու և ուժային լուծման նախապատրաստվելու համար, ինչը ցույց տվեց ապրիլյան պատերազմը։
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։