ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի սկզբանե ձախողված է եղել Հայաստանի համար։ Այդ մասին երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Փորձագետը ժամանակին աշխատել է Հայաստանի նախագահին կից հետազոտական կենտրոններից մեկում և դեռ այն ժամանակ` 2008-2009թ թթ-ին, նա և մի քանի փորձագետներ զգուշացրել են, որ գործընթացը կտապալվի։
«Մենք միաժամանակ տարբեր փաստարկներ էինք բերել` հօգուտ մեր պնդումների։ Սակայն այն ժամանակ մեզ չլսեցին, բայց ժամանակն ապացուցեց մեր իրավացիությունը», — նշեց Շաքարյանը։
Նա համոզված է, որ հայկական կողմը ոչինչ չի ստացել «Ֆուտբոլային դիվանագիտությունից», հիմնական քաղաքական բոնուսները բաժին են ընկել Թուրքիային։ Դա թե ՛ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունն Ամերիկայի կողմից ճանաչելու փաստացի ձախողումն է, թե՛ այն, որ Հայաստանը հերթական անգամ ընդունում է 1921թ-ի Կարսի պայմանագիրը, ըստ որի` Թուրքիան ստացել է Կարսն ու Արդահանը։
Բացի այդ, Թուրքիան երբեք չի թաքցրել, որ արցախյան հարցում աջակցում է Բաքվին ։
«Լիովին սպասելի է, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները վավերացնելու դիմաց Թուրքիան պահանջել է Հայաստանից «ազատագրել Ադրբեջանի բռնազավթած տարածքները»։ Այդ ինչքան միամիտ պետք է լինել` կարծելու համար, թե Անկարան կհամաձայնի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սահմանը կբացի առանց արցախյան խնդրի հանգուցալուծման։ Մեր պաշտոնյաներն այդ ժամանակ հավատացին, հավատացին և վճարեցին դրա համար», — կարծում է Շաքարյանցը։
Պատմաբան Գևորգ Մելքոնյանը կարգավորման գործընթացը նույնպես ձախողված է համարում, բայց այդ հարցում չի մեղադրում Հայաստանի գործող ղեկավարությանը։ Նա կարծում է, որ Թուրքիան սահմանը չի բացել և տապալել է արձանագրությունների վավերացումը հիմնականում Հայաստանի նկատմամբ տնտեսական շահի բացակայության պատճառով։
«Տնտեսական գործոնը միակ չէ, բայց ինձ թվում է` «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողման գլխավոր պատճառներից է։ Ես համոզված եմ, որ արձանագրությունները ոչ մի տեղ չեն անհետացել։ Մի գեղեցիկ օր դրանք պահանջված կլինեն, քանզի մեր ժողովուրդները, միևնույն է, պետք է կարգավորեն հարաբերությունները։ Եկենք իրատեսական լինենք. մենք պետք է համագործակցենք հարևանների հետ, Հայաստանը ներկա պաշարների դեպքում չի կարող անվերջ թշնամություն անել հարևանների հետ», — ասաց նա։
Նրա խոսքով` այն պայմաններում, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև ամենամյա ապրանքաշրջանառությունը հասնում է մոտ 300 միլիոն դոլարի, այդ հարաբերությունները վաղ թե ուշ պետք է պաշտոնապես ձևակերպվեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին: