ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում և արդեն ավարտական փուլում են:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները, այն հնարավոր է սկսի չվերթեր իրականացնել արդեն 2020 թվականից:
«Ryanair ընկերության մուտքը հնարավորություն է ստեղծելու մեծացնելու ուղևորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան՝ առաջարկելով նոր ուղղություններ և ցածր գներ»,– նշված է հոդվածում:
Թերթը նշում է, որ Ryanair ընկերությունը նախատեսել է չվերթերն իրականացնել հենց եվրոպական երկրներ: