ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Նոյմեբերի 6-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «Բենք օֆ Չայնա» բանկի նախագահ Լիու Լիանգին: «Բենք օֆ Չայնան» ակտիվների ծավալով չորրորդ ամենամեծ բանկն է աշխարհում: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման հնարավորությունները:
Լիու Լիանգը, շեշտելով Հայաստանի աշխարհագրական գրավիչ դիրքը և բիզնեսի զարգացման համար առկա բարենպաստ միջավայրը` պատրաստակամություն է հայտնել խորացնել հետագա համագործակցությունը, այդ թվում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:
«Հեղափոխությունից հետո մտածում էին` ներդրողները հերթ են կանգնելու». Ծառուկյան
Տիգրան Ավինյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան` հնարավոր համատեղ նախաձեռնությունները քննարկելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի և «Բենք օֆ Չայնայի» Կատարի մասնաճյուղի տնօրենի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Կողմերը ցանկություն են հայտնել ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առեւտուրը սպասարկելու համար, ձևավորել հարթակ՝ ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումային գործունեությունը խրախուսելու համար, ինչպես նաև համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նոր մոդելներ՝ ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով:
Հայաստանում կատարված ներդրումները կառավարությանը չեն բավարարում. նախարար