ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, այցելել է «Մեր տուն» հասարակական կազմակերպություն և նվերներ ստացել այնտեղ ապրող աղջիկներից։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Ահա այսպիսի հրաշք նվերներ ստացա «Մեր տուն» այցի ժամանակ: «Մեր տանը» ապրում, կրթություն են ստանում և դաստիարակվում են ծնողական խնամքից զրկված 18-24 տարեկան երիտասարդները: Այցի ժամանակ այնտեղ հանդիպեցի իսկապես լուսավոր աղջիկների, որոնք շնորհիվ իրենց տրված հոգատար վերաբերմունքի ոչ միայն հասարակության լիարժեք անդամ կարող են լինել, այլև դրա լավագույն մասը»,– գրել է նա և հրապարակել նվերների լուսանկարները։
Հակոբյանը հետգրությամբ նշել է, որ նվերներն աղջիկների մտահղացումն են և ձեռքի աշխատանքը:
Նշենք, որ Հայաստանում իր տեսակի մեջ միակ այս կառույցը հիմնվել է 2005 թվականին։ «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում աղջիկները կարող են ապրել 4 տարի։ Տանիք և կրթություն տրամադրելուց բացի, այնտեղ հոգում են նաև հասարակության տնտեսապես ամենախոցելի անդամների հետագա կյանքի ապահովության հարցերը: