ԵՐԵՎԱՆ, 4 Փետրվար - Sputnik. Թեստը ստանալուց հետո Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի վեց հետազոտություն. փետրվարի 4-ի դրությամբ երկրում վարակի դեպք չի գրանցվել։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ավելի վաղ, առողջապահության նախարարը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին տրամադրել է անվճար։
Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20438 մարդու, 425–ը` մահացել են։ Մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր 17205 հիվանդների և 361 մահացածների մասին։
Ինչպես հայտնել են ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեից ևս 2788 մարդ ծանր վիճակում է, 632-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Անցած օրվա ընթացքում վարակի 3235 նոր դեպք է հայտնաբերվել։ Բացի այդ, Չինաստանում ևս 23214 հիվանդի մոտ վարակի կասկածներ կան։ Շուրջ 171,3 հազար մարդ, որոնք սերտ շփում են ունեցել վարակվածների հետ, կարանտինի մեջ են։
Պաշտպանիչ դիմակները նոր թրենդ են դարձել. լուսանկարներ
Չինաստանի իշխանությունը պաշտոնապես հաստատել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։