ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մահճակալներ են տեղադրվել ոչ միայն Երևանի մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև ՀՀ մարզային տարբեր մարզասրահներում, դահլիճներում:
«Անհրաժեշտության դեպքում դրանք վերածվելու են հոսպիտալների միջին ծանրության, գուցե նաև ծանր վիճակում գտնվող պացիենտների համար: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրա մեջ որևէ վատ բան չկա: Քննարկվում են նաև շատ ավելի վատ սցենարներ, ինչպես շատ այլ երկրներում է, երբ անգամ մարզադահլիճներում, դահլիճներում բոլոր հիվանդների համար տեղ չկա»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը, սակայն, նշեց, որ այդ վիճակին պետք է պատրաստ լինել, բայց նաև ամեն ինչ արվում է, դրան չհասնելու համար:
Հիշեցնենք` մարտի 31-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։