ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մի խումբ դպրոցականներ և ուսանողներ այսօր՝ մայիսի 3-ին, քայլերթի էին դուրս եկել Գյումրիում: Չնայած անձրևոտ եղանակին՝ նրանք ֆրանկոֆոն երկրների պատմամշակութային կառույցները պատկերած բաճկոններով շրջում էին քաղաքի կենտրոնական փողոցներով` Թատերական հրապարակից մինչև Վարդանանց, և անցորդներին տեղեկատվական թերթիկներ էին բաժանում Հայաստանի պատմամշակութային կառույցների վերաբերյալ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությունը համախմբել էր ինչպես ծառայության աշխատակիցներին, այնպես էլ կամավորներին ու աշակերտներին:
ՊՈԱԿ-ի մարզային կառույցի ղեկավար Վալերի Նազարեթյանի խոսքով` միջոցառման նպատակը գյումրեցիներին ֆրանկոֆոն երկրների մշակույթին ծանոթացնելն է:
«Այս ընթացքում երեխաները ոչ միայն անցորդներին են ներկայացնում ֆրանկոֆոն երկրների հայտնի ճարտարապետական կառույցները, այլ նաև իրենք են ծանոթանում դրանց: Եթե ցանկացած հուշարձան հանրահռչակվի, ապա բոլորը կսկսեն հետաքրքրվել, ու հնարավոր է նաև դրանով լուծել շատ հուշարձանների վերականգնման խնդիրը», - նշեց Վալերի Նազարեթյանը:
Հայկուշ Հակոբյանը 15 տարեկան է, սովորում է Գյումրու թիվ 29 դպրոցում: Անկեղծանում է՝ առաջին անգամ է մասնակցում նմանատիպ ֆլեշմոբի: «Նախ մենք ենք ծանոթանում ֆրանկոֆոն երկրների պատմամշակութային կառույցներին, ապա դրանց մասին ներկայացնում եք անցորդներին: Շատ հետաքրքիր է՝ հատկապես նվագախմբի ուղեկցությամբ»,-անկեղծացավ Հայկուշը:
Ի դեպ, նախաձեռնության մասնակիցներին լուսանկարելու կամ ուղիղ եթերներ մտնելու հնարավորությունը բաց չէին թողնում ինչպես տեղացիները, այնպես էլ զբոսաշրջիկները:
Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելած Շվեյցարիայի քաղաքացի Յոհանա Հունդերթը, որը ֆլեշմոբի մասնակիցների մեջ նախ գտավ իր երկրի պատմական հուշարձանի նկարով մասնակցին, Sputnik Արմենիայի թղթակցին վստահեցրեց՝ նման ակցիայի առաջին անգամ է հանդիպում, բայց շատ հետաքրքիր է:
Ըստ զբոսաշրջիկի՝ այս ակցիան կարևոր է նաև նրանով, որ այս կառույցները ոչ միայն տվյալ երկրների հարստություններն են, այլ համամարդկային են: